«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

#Նորություններ

2015թ. նոյեմբերի 27-28-ին կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում:

Միջոցառման ընթացքում մրցույթի հաղթողները ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի կողմից պարգևատրվեցին դյուրակիր համակարգիչ-պլանշետներով, մյուս մասնակիցները՝ խրախուսական մրցանակներով: «Երևանի Ոսկերչական Գործարան-1 Գնոմոն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը մրցանակակիրներին գործարանի անունից նվիրեց ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:Մեր քոլեջի ուսանող Սպարտակ Գևորգյանը արժանացավ ոսկե մեդալի։Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:

«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:

Հնարավոր է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, մասնակցեն 2017 թվականին կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 45-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 75 այլ երկրների ուսանողների հետ: